2022թ․-ի դեկտեմբերի 1-ին բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ»: Այս գրառման համար ԶՊՄԿ-ի ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել Երևանի Առաջին ատյանի դատարան՝ պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում 6 մլն դրամի չափով։
«Ես չեմ հանդիսանում տվյալ գրառման կամ տվյալ դեպքի, վթարի մասին տեղեկության սկզբնաղբյուրը։ «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն նոյեմբերի 30-ին ահազանգել էր, որ վթար է տեղի ունեցել և աղտոտվել է Ողջի գետը, առկա են դրա վերաբերյալ տեսանյութերն ու սքրինները։ Ես բաց աղբյուրներն եմ ուսումնասիրել և տեսել եմ, որ շատ այլ լրատվամիջոցներ գրառումներում օգտագործել են «պայթյուն պոչամբարում» ու նման ձևակերպումներ։ Ես «պայթյուն պոչամբարում» ձևակերպմամբ որևէ գրառում չեմ արել, ես նշել եմ, որ պաչամբար գնացող խողովակաշարն է վնասվել։ Մամուլում դեկտեմբերի մեկին նկատել եմ, որ ընկերությունը հերքել է, որ պոչամբարում վթար է տեղի ունեցել և ինձ էլ են այդ տեքստը ուղարկել, մինչդեռ ես նման տեքստ չեմ հրապարակել, որ հերքեի»․ 2023թ․ հունվարի 12-ին Մեդիակենտրոնում տեղի ունեցած «Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչո՞ւ են փորձում լռեցնել նրանց» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թեհմինե Ենոքյանը։
Ընդգծում է՝ սկզբնաղբյուրի նկատմամբ չկա որևէ դատական հայց՝ այն պահանջով, որ հերքեն իրենց տեսանյութը կամ գրառումները։ «Բայց արի ու տես, որ այդ պահանջը ուղարկվել է ինձ և հայց է ներկայացվել իմ դեմ։ Սա առիթ էր նախորդ դատական ակտից հետո, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը վերաքննիչ դատարանում կարողացավ ստանալ մի ակտ, որտեղ գրված էր 1 մլն 224 հազ․ դրամ պետք է իրենց վճարեմ և այժմ էլ արդեն ԶՊՄԿ-ն է անարդար նման դատական ակտից հետո օգտվում առիթից և հերթական հայցը ներկայացնում իմ դեմ»,- հավելում է Թ․ Ենոքյանը։

Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ Թեհմինե Ենոքյանի օրինակով փորձ է արվում ճնշել նաև այլ մարդկանց։ «Ամենավատը հենց այն է, որ Հայաստանում ձևավորվում է էկոակտիվիստներին, բնակիչներին, բնաահպաններին ճնշելու պրակտիկա։ Կոնկրետ Թեհմինեն հանդիսանում է Գնդեվազի բնակիչ ու իր համայնքի էկոլոգիական իրավունքները պաշտպանելու համար կարող են գործը տանել դատարան և վճիռ կայացնել, և տեսեք, թե ինչ թվերի մասին են խոսում։ Ստացվում է՝ նախորդ 1․224 մլն դրամի փոխարեն կարող են պահանջել ու ավելի մեծ գումարով փորձել ճնշել»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։
Բանախոսները բնապահպանների նկատմամբ ճնշումների տարբեր դրսևորումներից են խոսում․ դատական ակտերից սկսած մինչև նորաստեղծ կեղծ ֆեյսբուքյան էջերի միջոցով հարձակումներ, բնապահպաններին նույնականացնելով հանքարդյունաբերական ընկերությունների կամ Արցախը շրջափակած «էկոակտիվիստների» հետ։
Ինգա Զարաֆյանը նշում է վերջին ժամանակաշրջանում հանքարդյունաբերական ընկերությունների ակտիվացման մասին․ «Նույնիսկ այն ընկերությունները, որոնք զրկված են եղել լիցենզիայից նոր հայտեր են ներկայացնում։ Անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքները արդեն շատ լավ երևում են ազդակիր համայնքներում։ Մարդիկ հիմա անհանգստացած են իրենց առողջության համար և թույլ չեն տալիս, որ իրենց համայնքերում հանք շահագործվի։ Ու բախում է տեղի ունենում հանքարդյունաբերողի, բնակիչների ու էկոակտիվիստների միջև։ Մենք ունենք թերի օրենսդրական դաշտ, որն աջակցում է անպատասխանատու հանքարդյունաբերող ընկերություններին»։

Բանախոսները շեշտեցին, որ տարիներ շարունակ ՀՀ-ի համայնքներում հանքերի դեմ բնակիչները պայքարել են ու թույլ չեն տվել իրենց համայնքերում նոր հանքեր բացվեն։ «Բնականաբար, եթե բնակիչները մնային մենակ ավելի հեշտ կճնշվեին, նրանց կողքին կանգնած են եղել էկոակտիվիստներ և իրավապաշտպաններ։ Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու նոր հանքային օջախներ բացել՝ դեմ գնալով բնակիչներին, երբ որ նրանց կողքին կանգնած են ավելի տեղեկացված և հմուտ մարդիկ, և հիմա փորձում են ուղղակի այս դաշտը կամ լռեցնել, կամ ինչ որ առումով «ոչնչացնել»»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։
Ըստ բանախոսների՝ հանքարդյունաբերողների կողմից հանրային լսումների ժամանակ տարբեր սպառնալիքներ են հնչեցվում իրենց հասցեին, ինչպես նաև կայքերի վրա են հարձակումներ լինում։
«Ես վստահ եմ, եթե էլի նման դատական դեպքեր լինեն, մենք կունենանք բազմաթիվ այդպիսի դատական գործեր՝ ընդդեմ բնապահպանների, ոչ միայն Թեհմինեի, այլ բոլոր նրանց, ովքեր ինչ որ խոսք կասեն։ Մենք լսել ենք սպառնալիք, երբ հանքատերերից մեկը հանրային լսման ժամանակ ասում էր․ «Փորձեք «չէ՛» ասել, կընկնեք դատարան»,- ասում է Ինգա Զարաֆյանը։
Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ նման դեպքերը թե՛ անհատներին, թե՛ բնապահպաններին դարձնում են ավելի ուժեղ, իսկ պայքարը հանուն մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի շարունակվելու է»,- ասում է նա։

Թեհմինե Ենոքյանը պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել եվրոպական դատարանում։
Մի խումբ ՀԿ-ների կողմից էլ պատրաստվել է նամակ՝ ուղղված ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ-ի իրավապաշտպանների իրավիճակների հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուրելին, բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին, որտեղ հատուկ նշվում է ՀՀ-ում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ։ Հայտարարությանն արդեն միացել են մի քանի տասնյակ ՀԿ-ներ։
Լուսանկարները Մեդիա կենտրոնի

